Սուրբ Հոգու գործունեության մասին բողոքական եկեղեցիների անդամների պատկերացումները, ցավոք, խիստ մանկականացված են: Ըստ այն տրամաբանության, որ ունեն հովիվների պատճառով, թվում է, թե մահից այն կողմ քրիստոնյա արժանավոր հոգիները շարժուն, գործուն կամ ընկերակից լինել չեն կարող: Որ եթե թարգմանենք, ապա մերժում չի՞ լինի հոգու հավիտենական կենդանությանը: Իսկ նման մտածողությունը ինչ-որ տեղ հոգևոր որոշակի ինքնասպանության նման է լինում: Սակայն, ցավոք, այդպես է:
Եթե մահից այն կողմ արժանավոր հոգիները կենդանի և գործուն չլինեին, ապա կստացվեր, որ մահն է հաղթում քրիստոնեությանը, երբ իրավամբ, քրիստոնեությունը կյանք լինելով` հաղթում է մահին, այն էլ` հավիտենականորեն, ինչպես Տերը հաղթեց մահին` հարություն առնելով: Եվ ասաց. «ՈՒր ես եմ, դուք էլ այնտեղ պիտի լինեք»: Ինչ է, Տիրոջ մոտ լինելով, նրանք անզոր, անպտուղ կամ մեռելատի՞պ դարձան: Ամենևի՛ն:
Չէ՞ որ քրիստոնեական սիրուց ուսում առնելով, այս աշխարհում հասնում ենք միմյանց օգնության, ըստ մեր ունեցած շնորհների, ապա մանկամտություն չի՞ լինի մտածելը, թե մահից այն կողմ կենդանի հոգիները, որ Քրիստոսով մեկ ու միաբան են, ինչպես Գիրքն է ասում. «Քրիստոսի մարմնի անդամներն ենք», բնականաբար, նույն մարմնից լինելու չափ հարազատ և ո՛չ թե օտար միմյանց, սակայն չե՞ն կարող մասնակից լինել մեր հոգևոր կյանքին, կամ իբր կարելի չէ, որ միմյանց օգնեն կամ բարեխոսեն միմյանց համար: Հիսուսը պատվիրեց. «Սիրեցեք միմյանց, դրանով կիմանան, թե դուք իմ աշակերտներն եք»: Անմտություն չէ՞ արդյոք մտածելը, թե ում մարմնապես տեսնում ենք, նրանց պիտի միայն սիրենք, հարաբերվենք նրանց հետ, իսկ ովքեր որ մարմնապես մեռան, բայց հոգով կենդանի են, նրանց` ո՞չ: Չէ՞ որ ննջեցյալ մեր եղբայրներն ու քույրերը, մանավանդ սուրբ վարքերով ապրած մարդիկ, ըստ Աստծո բարենորոգ կամքի, հավիտյան կենդանի են և կան: Հոգով մեռելներ չեն: ՈՒրեմն, Տիրոջ պատվերը նաև նրանց համար է, թե. «Սիրեցեք միմյանց, դրանով կիմանան, թե դուք իմ աշակերտներն եք»: Այդպես է, եթե մենք հոգևոր մտածենք և ո՛չ մարմնատեսիլ:
«Ես իմ մատյանով բարեխոս եղա ձեզ համար Քրիստոսի առաջ, դուք էլ ընթերցելիս ինձ համար բարեխոս եղեք»,- հորդորում է Գրիգոր Նարեկացին: Եվ մտածելով, որ գուցե չըմբռնենք և չանենք, Տիրոջն է խնդրում, որ Նարեկն ընթերցելիս մենք կամա-ակամա բարեխոսներ դառնանք Նարեկացու համար էլ: Մեջբերենք.
«Եվ եթե ելնեն բարեպաշտները իմ այս մատյանով աղոթքի ընծա Քեզ մատուցելու,
Հանուն Քեզ եղած նրանց կենդանի հոգիների հետ,
ի՛նձ էլ ընդունիր գթառատությամբ:
Ախտավորների աչքերից եթե սրա միջոցով
արդեն սրբության արցունքներ կաթեն,
թող որ Քո կամքով, ով Խնամակալ, անձրևես դրանք նաև ի՛նձ վրա...
Թե մաքուր մի ձեռք անուշ խնկարկմամբ վեր բարձրանա Քեզ
և իմ խոսքերով նրա աղոթքը լինի լսելի,
աղաչանքների այս աղերսնե՛րս էլ ընդունիր, Բարձրյա՛լ» (Բան Գ):
Մի հրաշալի ժողովածու կա, որ բանաստեղծ Սուրեն Պողոսյանը վերածել է արևելահայերենի, կոչվում է «Աստծո կանչը»: Երկու քույրեր, հավանաբար’ բողոքական եկեղեցուց դարձապրածներ, այնկողմնային արժանավորների հետ շփվելու մասին Հիսուսից առած այսպիսի մի թելադրություն են գրում` իրենց օրագրի սեպտեմբերի 6-ի էջում. «Անտեսանելի աշխարհի մեջ ձեր սիրելիները... իրոք ծառայում են Ինձ և նրանց, ում սիրում են: ...Որքան հաճախ են մարդիկ վազում երկրավոր բարեկամների մոտ, որպեսզի մի որևէ օգնություն ստանան նրանցից, մինչ մարդու օգնությունը սահմանափակ է, իսկ երկնավոր բարեկամները մարդկային սովորույթներից ազատագրված` կարող են օգնել շատ ավելի արդյունավետ կերպով, կարող են ավելի ճիշտ հասկանալ, ավելի լավ պաշտպանել, ավելի հետաքրքիր ծրագրեր կազմել, և նույնիսկ ավելի լավ պաշտպանել իրենց դատը իմ առաջ: Որքան ճիշտ կլինի սիրով հիշել Անտեսի մեջ ապրող ձեր բարեկամներին, հեռվից հեռու մտերմություն հաստատել նրանց հետ, որովհետև որքան ավելի լավ ճանաչեք Անտեսանելի աշխարհը, այնքան ավելի հեշտ կլինի ձեր անցումը, երբ ձեր ժամանակը գա»:
Սրբերի բարեխոսությունն ու սրբերի հետ բարեկամ լինելը գրեթե նույն բանն է: Որովհետև, եթե սրբերի հետ բարեկամ ես, որ Անտես աշխարհում են ապրում, ապա քո ընկերասիրության և եղբայրասիրության աստվածընծա պատվերի կատարումը այս աշխարհով չի սահմանափակվում, այլ ընդարձակվում է այն կողմում ապրող կենդանի հոգիների հետ հարաբերվելով և մտերմանալով, կենդանի ու բարի էություններ, որոնք բազմիցս կամ անընդհատ, ըստ քո սիրո, օգնում են քեզ, ընկերակցում, այս աշխարհի բեռն ավելի թեթև, ըստ շնորհների տանել: Մեր առաքելական մայր եկեղեցում ընդունված Մեռելոցի կարգը նաև այդ նպատակի իրագործումն է: Մենք մեր աղոթքներով օգնում ենք մեր ննջեցյալներին, իսկ նրանք, մեր աղոթքների բարեխոսությամբ առավել ևս սրբանալով, առավել ևս են զորավիգ դառնում մեզ կամ գոնե... չեն խանգարում:
Իզուր չէ գրքում սգի տուն այցելողը ավելի դրվատելի անվանվում, քան ուրախության, որովհետև քրիստոնյա ննջեցյալի համար աղոթելով` մարդն այնկողմնայինում գտնվող իր բարեկամների, մտերիմների կամ բարի ծանոթների թիվն է ավելացնում:
Իսկ այժմ նույն հարցի մասին խոսենք հայ տիկնոջ հայտնություններով ստացած թելադրությունների գրքից, որ անվանվում է «Վերադարձ»: Թելադրություններ, որոնց շնորհիվ տիկինն ավետարանչական եկեղեցուց վերադարձավ մայր առաքելականը. «Եթե դու խնդրում ես քո երկրավոր եղբայրներին բարեխոսական աղոթք անել քեզ կամ ինչ որ հարցի համար, ի՞նչ ես կարծում, չե՞ս կարող խնդրել երկնային բարեկամներին` աղոթել քեզ համար: Առավել, նրանք իմ կողքին լինելով, գիտեն ինչպես բարեխոսել: Եթե երկրային եղբայրներդ կամ քույրերդ տկարանում են աղոթելիս կամ հասանելի չեն լինում, ապա երկնայինները զորավոր են և հասանելի: Երկուսն էլ ձեզ անհրաժեշտ են: (Նրանք Սուրբ Հոգով են), իսկ Սուրբ Հոգին բարեխոսում է թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա: Ազատ եղիր ընդունելու այս, և ես քեզ կընտելացնեմ: Ես Հայրն եմ ընտանիքի և ամեն զորություն օգտագործում եմ Իմ զավակների փրկության համար: Կարդա սուրբ Ստեփանոսի վկայությունը և բարեխոսությունը. «Իսկ նա լցված Սուրբ Հոգով դեպի երկինք նայեց և Աստծո փառքը տեսավ, և Հիսուսին Աստծո աջ կողմում»: Եվ ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացված և մարդու Որդին կանգնած Աստծո աջ կողմում»: Եվ քարկոծում էին Ստեփանոսին, որը աղոթում էր և ասում. «Տեր Հիսուս, ընդունի՛ր իմ հոգին»: Եվ ծնկի եկավ և բարձր ձայնով աղաղակեց. «Տե՛ր, այդ մեղք մի՛ համարիր դրանց»: Եվ այս ասելով` ննջեց» (Գործք, 7, 55-59): Նա իմ առաջ բարեխոսեց այնպես, ինչպես Ես` Հոր առջև: Եվ այսօր շարունակում է բարեխոսել իմ առջև, և ես` Հոր առջև: Եվ մի՛ մոռացեք, որ Ես և Հայրը մի ենք, և Սուրբ Հոգին երբեք չի լռում: Հանդիմանո՞ւմ ես ինձ, որ ես այդպիսի Աստված Եմ: Ե՛կ, աղոթիր, և Ես քեզ ավելի կընտելացնեմ»:
Այսօր շատ շատերիս է պետք և անհրաժեշտ, որ շատ և շատ խնդիրներում Հիսուսը մեզ «ընտելացնի», ընտելացնի Աստծո արդարությանն ու ճշմարտությանը, ընտելացնի Իրեն:
Մեր խոսքերն ընդամենը պարզ, սակայն կարևոր բաներ են, որոնք ամենևին էլ դժվար չէ ըմբռնելը, եթե ինքներս մեզ չխաբենք և կամ մեզ խաբողներին եթե տեղիք չտանք, որ մեզ մոլորեցնեն, այլ ի շահ մեր փրկության համար մտածենք, քանի որ, ցավոք, շատերս դեռ վայրի ենք մնում: Առաքելական եկեղեցում` Մեռելոցը, որ մեր մերձավոր ննջեցյալների հոգիների համար աղոթելու օր է, շատ կարևոր մի խնդիր է, որից մոլորեցրել են հեռու մնալ` ո՛չ միայն բողոքական եկեղեցու անդամներին: Նախկինում վարչապետ աշխատած Բագրատյանը, խնդիրն ամենևին չկամենալով ըմբռնել, որպես թե եկեղեցու գիտակ` մարմնական հետևություն է անում, թե. «Ինչո՞ւ պիտի Մեռելոցի օրերը աշխատանքի չգնամ»: Եղբա՛յր, մի՞թե ըստ ազատ կամքի չէ այս կամ այն բանն ընտրելը, բայց իմացիր, թե ինչ ես մերժում և կամ ինչու, և կամ մի՞թե պիտի բարի դիտվի ուրիշներին ևս գայթակղելդ քո չիմացած բաների մեջ:
Կրկին անդրադառնանք Տիրոջ Հզոր Աջով վերադարձ ապրած տիկնոջ գրքույկին` նույն խնդրի շուրջ. «Ես կամենում եմ խոսել սրբերի բարեխոսության և Իմ միջնորդության մասին և դրանց տարբերության մասին։ Ես տալիս եմ քեզ Իմ սերն ու խաղաղությունը։
Ես եմ միակ Միջնորդը Հոր և մարդկանց միջև, Ես եմ Միակ Բարեխոսը, Ես եմ Միակ Ճանապարհը դեպի Հայրը, և Իմ Միջնորդությունն Իմ Մարմինն ու Արյունն է, Իմ Հոգին և Աստվածությունն է։ Իմ Բարեխոսությունը Խաչն է, և Իմ Ճանապարհը ճշմարտությունն է, որ տանում է դեպի փրկություն։ Եվ այս ամենն Իմ Անունն է, որով մոտենում ենք Հորը. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ինչ Հորից Խնդրեք Իմ Անունով, կտա ձեզ» (Հովհ. 16, 23)։ Եվ նրանք, որ եկան Իմ հետևից Գողգոթա և մկրտվեցին խաչի մահով և խմեցին այն բաժակը, որ Ես խմեցի, նրանց իշխանություն տվեցի լինել միջնորդներ և բարեխոսներ Իմ առջև։ Չնայած այն բանին, որ Հայրը նրանց սիրում և լսում է, հարկ է, որ ամեն բան իր տեղում լինի։ Ինձ ամենամերձ բարեխոսը Իմ և ձեր մայրն է` Սուրբ Աստվածածինը։ Նրանով Ես մերձեցա ձեզ, ուստի նա համարձակ է Իմ առջև բարեխոսելիս։ Միշտ դիմիր նրա բարեխոսությանը և ըստ կարգի` բոլոր սրբերի բարեխոսությանը։ Չարը այս Զորությունները խլել է ձեզնից, որ մասնատելով հաղթի։ Եթե միայն իմանայիր, թե որքան է քո Մայրը սիրում քեզ, ապա սրտակեզ կողբայիր, որ կտրվել ես Որթատունկից` կորցնելով այդ մեծ քաղցրությունը։ Փնտրիր նրա սերը և սրբերի անաչառ սերը, և դու ավելիով Ինձ կսիրես։ Շարժեք երկնային Զորությունները։ Եթե չշարժեք, ապա չեն գործի, որովհետև Ես փոխհամաձայնության Աստված Եմ։
Եվ աղոթիր.
Փառավորյալ Տեր, ընդունիր Քո ծառայի բոլոր աղաչանքները և ի բարին կատարիր իմ խնդրվածքները` բարեխոսությամբ սրբուհի Աստվածածնի և Հովհաննես Մկրտչի և սուրբ Ստեփանոս Նախավկայի, մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի և սուրբ Առաքյալների, Մարգարեների, Վարդապետների, Մարտիրոսների, Հայրապետների, Ճգնավորների, Կույսերի, Միանձնանց և Քո բոլոր երկնավոր և երկրավոր սրբերի, և Քեզ` անբաժանելի Սուրբ Երրորդությանդ, փառք և երկրպագություն, հավիտյանս հավիտենից. ամեն։
(Սբ. Ներսես Շնորհալի)
Տեսնո՞ւմ ես, որդիս, Ես բազմությունների Հայր եմ, և Իմ մեջ ոչինչ չի կորչում։ Տեսնո՞ւմ ես այս աղոթքի մեջ Իմ Որթատունկն իր ճյուղերով»։
Նախորդ հոդվածում մեջբերել էի ավետարանական եկեղեցուց մայր առաքելական վերադարձած Վերգինե քրոջ նամակից, ուր այսպիսի անհանգիստ հարց կար. «...Մի՞թե մոլորություններն ու տարաձայնությունները այնքան մեծ են, որ միայն հալածելով պիտի արմատախիլ անել... Միշտ աղոթում և խնդրում եմ, որ Աստված իմ ժողովրդին Իր իմաստությունն ու Հոգին տա, որ զգույշ լինենք սխալներ գործելիս...»:
Բնականաբար, տարաձայնությունները բնավ քիչ չեն, սակայն դրանք բոլորն էլ կենդանի, ի խղճմտանքե, Վերնային սիրով լեցուն քարոզության խնդիրներ են և ո՛չ թե հալածանքի: «Գիտության բանալիներ» գործադրելու, և ո՛չ թե նախատինքով խածնումների: Որովհետև մոլորության մեջ գտնվողին քարոզում են և ո՛չ թե հալածում, եթե... ըստ Աստծո կամքի ենք քարոզում: Կյանքի Ավետարանը մի հայելի է, ուր նայելով տեսնում ենք յուրաքանչյուրս մեր թերությունները և ջանում ենք շտկել մեզ, ըստ ամենքի հոգիների Տիրոջ և Թագավորի կամքի: Եթե սիրում ենք մեր հավատակիցներին և Խոսքը մեկնելու շնորհ ունենք կամ հայտնություն, այդպես Աստծո կամքը շահած կլինենք: Հարցն այն է, որ «Հունձն առատ է, մշակներն են սակավ»: Արդյո՞ք անհրաժեշտ չափով բարի և կոչված մշակներ չունենալու պատճառից չէ, որ մեզնից ոմանք կացին են խաղացնում անհարկի տեղերում կամ երրորդությանը արդեն հավատացողների դեմ, երբ ավետարանականների հավատը դեռ մանկական հասակի մեջ է, այսինքն` բացատրություններով, մեկնություններով խնամքի կարիք ունեն նրանք: Խոսքս, իհարկե, նրանց մեջ գտնվող պարզ, հասարակ, հավատացյալ ո՛չ փոքրաթիվ ժողովրդի մասին է: Որ նշանակում է, թե առավել հոգածու, քաջ ու նվիրական, մեկնողական իմաստություն ունեցող մշակների հարկ կա, կյանք դնող մշակների, և ո՛չ թե նախատողների և հալածողների: Եվ ըստ Տերունական խրատի, աղոթենք, որ. «Աստված բարի մշակներ վեր հանի իր հնձի համար»:
Երբ Տիրոջ խոսքն ամենքիս է ասել, և խորհենք այդ Խոսքի մասին. «Լավ հովիվը, երբ հարյուր ոչխար ունի և մեկը մոլորվել է, ապա ինսունիննին արոտավայրում թողնելով, գնում գտնում է մոլորվածին և ուսերին դրած վերադառնում»: Բնականաբար, ամենքիս է հայտնի, որ Հիսուս Քրիստոսն է այդ քաջ Հովիվը, եթե խոնարհ լսենք Նրան: Չի գնում այդ ոչխարին հալածելու, և ո՛չ էլ գտնելով ծեծում է, թե` ինչու մոլորվեցիր: Այլ ուսերին դրած բերում է այն ինսունիննի մոտ, որ արոտավայրում են: Ինչպես տիկնոջ գրքույկում է Տերն այդ մասին խոստանում. «Ես չեմ հանդիմանի նրանց, այլ կբուժեմ ախտերից և գրկիս մեջ կխնամեմ, մինչև ինձ պատվաստվեն ամբողջովին...»:
Աստծուն ուղղած աղոթքդ թող որ ավելի լսելի լինի, Վերգինե՛ քույր, և թող նրանք, որ մերձ են աղոթքի կյանքին, իրենք էլ այժմ մեզ հետ միաբան աղոթքդ կրկնեն, որ` Աստված հայ հավատացյալ ժողովրդին Իր իմաստությունն ու Հոգին տա, որ զգույշ լինենք և մեծամեծ սխալներ չգործենք... Ամե՛ն:
«Նեղ դռան» մեջ, որ առավել է Աստծուն հաճելի, առավել ենք սկսում ճանաչել ճշմարտությունը, որը մեզ տանում է բռնատիրություններից ազատման ու փրկության: Քրիստոսի Տիեզերական եկեղեցին, հզոր ու անպարտելի մի զորություն է, մեզ հենարան և դեղ, մխիթարություն դժվար պահերին, քանի որ հարաբերվում ենք մեր այն բարեկամներին, ովքեր Քրիստոսին հավատարմելով հաղթեցին աշխարհին` գայթակղություններով հանդերձ, և հաղթանակած սրբերն իրենց փորձառությունն են հաղորդում մեզ` Քրիստոսին մեր սիրելու նշանով և խոստովանությամբ, միմյանց ծառայելու մեր նվիրաձեռնությամբ, հաստատելով ավետարանական այն խոսքը, թե «Ես ուղարկեցի ձեզ հնձելու այն, որի վրա աշխատանք չէիք թափել. ուրիշներ աշխատանք թափեցին, իսկ դուք նրանց վաստակի մեջ մտաք» (Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ չորս): Համընդհանուր տիեզերական մի սեր, որ Տիրոջ եկեղեցին է` բոլոր ժամանակների սրբերի միաբանությամբ: Ցավոք, առաքելականից հեռու գտնվող խմբերի մեջ այսպիսի ընդունված մի կարգ կա. մարդուն ստրկահոգի դարձնելու, իրենց ցանկություններին ու կճատ մտքերին ծառայեցնելու համար, ահաբեկում են, թե. «Մեր կողքին չեղար, չես փրկվի, տեղդ կկորցնես»: Հիվանդ, ինքնահպարտների մի հոգեորս և բռնատիրում, որ հետևանք է դառնում բազում դժբախտությունների, որ, ցավոք, լինում են խմբերում: Ինձ հետ նման սպառնացումներ եղել են, բայց սրբերի բարեխոսության շնորհիվ, ինքս ինձ տեսել եմ իմ երկնային բարեկամների շրջապատի մեջ ընդունված, ինչպես վեմի վրա կառուցվող տուն: Երբ սրբերին մեր բարեկամներն ենք դարձնում, ապրում նրանց բարեխոս շրջապատում, ապա մարդն ո՞վ է, որ մեզ խաբի, և կամ պատրանքն ինչ է, որ տեղի տանք ու չհաղթահարենք, քանի որ այլևս մենակ չենք: Այլ այդ ամենը փառավոր մեր երկնային բարեկամների շրջապատում ի հայտ լինելով, մեզ խաբողներն ու ոտ գցողներն են հայտնվում ամոթի մեջ: Սրբերի բարեխոսության և ընկերակցության շրջապատն օրինակ, ինձ հենարան եղավ, որ երկու տարում յոթ հոգևոր գիրք հրատարակեի, վեցը` հոգևոր հայրերի ժողովածուները և յոթերորդը` «Դավթի Սաղմոսարանը»` իմ փոխադրությամբ: Եվ այդ ամենը` գրոշ իսկ չունենալով: Այսինքն, Քրիստոսի համատիեզերական, հոգևոր եկեղեցում գտնվելով, մենք տասնապատիկ, հայրուրապատիկ ավելի ենք դառնում պտղաբեր ու զորավոր, որովհետև բոլոր սրբերի հետ միաբան նույն գործն ենք անում և նույն ծառայությունը` միմյանց օգնելով ու ծառայելով ճշմարիտ Աստվածճանաչության մեջ: Այսինքն` մենք արդեն մենակ չենք, և Անտեսում բնակվող մեր բարեկամները մեզ հետ են, եթե մենք... որպես քրիստոնյա ենք ապրում: Իսկ այդ ամենի արմատականը, հիմքն ու հավատարմատարը, ճանաչեցնողը մեր մայր առաքելական եկեղեցին է, որին հարկ է ամենքս էլ պատվաստվենք, որ առողջ աճենք ու կյանքի պտուղներ տանք: Բնականաբար, մի քանի հարյուր տարի առաջ ստեղծված աղանդները անկարող են մեզ առավել լիարժեքացնել, առավել ճշմարտության ճանաչում տալ, քան Մայր առաքելականը, որին թող որ Աստված առավել զորացնի և պայծառացնի ամենայն բարի գործերում, երկնային Մոր սիրո իր բարեխնամ, մեզ պահող իր Գրկով: Ամե՛ն:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ